Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ինչ-որ հարբած ռուս սերժանտ կարող է հրանոթից կրակել և շարքից հանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը»

«Ինչ-որ հարբած ռուս սերժանտ կարող է հրանոթից կրակել և շարքից հանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը»
28.11.2008 | 00:00

«ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԻՀԱՐԿԵ, ԴԺՎԱՐ ՀԱՐԵՎԱՆ Է, ԲԱՅՑ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ»
Երեկ «Կոնգրես» հյուրանոցում բացվեց միջազգային գիտաժողով՝ «Եվրամիությունը և Հարավային Կովկասը. կայունություն և համագործակցություն» թեմայով, որին մասնակցում էր նաև Վրաստանի ընդդիմության ճանաչված գործիչ, վրաց խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր և հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ներկայացուցիչ ԻՎԼԻԱՆ ԽԱԻՆԴՐԱՎԱՆ։ Նա առանձին ելույթով հանդես եկավ կոնֆերանսում, որից հետո մի քանի հարցով դիմեցինք նրան։

-Պարոն Խաինդրավա, Ձեր ելույթը հետաքրքիր էր հայկական լսարանի համար, որովհետև Հայաստանում տպավորություն կա, թե վրացական քաղաքական դաշտը, դատապարտելով Ռուսաստանի օգոստոսյան գործողությունները, միաժամանակ, կամա թե ակամա, այս իրավիճակում աջակցում է վրաց իշխանություններին։ Ձեր ելույթում հնչեց հակառակ պնդումը։
-Չեմ կարծում, թե հակառակ պնդումն էր։ Պարզապես Ռուսաստանին կոշտ քննադատելն ինձ չի խանգարում միաժամանակ քննադատել իմ երկրի իշխանություններին, որոնք ռուսական իշխանություններից պակաս մեղավոր չեն Վրաստանում ստեղծված իրավիճակի համար։ Ինչպես նշեցի իմ ելույթում, միջազգային քաղաքական և փորձագիտական հանրության մեջ արդեն ձևավորվել է բանաձև, որ Վրաստանի իշխանությունների անողջամիտ, ոչ համարժեք և անպատասխանատու գործողությունները հանգեցրին Ռուսաստանի կողմից նույնքան անհամարժեք գործողությունների։ Իմ կարծիքով, դա, ընդհանուր առմամբ, համապատասխանում է իրականությանը։ Վրաստանի իշխանությունների անպատասխանատու գործելակերպը, ինֆանտիլիզմն իմ մեջ, բնականաբար, ավելի մեծ տագնապ և մտահոգություն են առաջացնում, քան որևէ այլ բան։ Ռուսաստանի պրոբլեմն իր հասարակության և, իհարկե, միջազգային հանրության պրոբլեմն է։ Որովհետև դա մեծ երկիր է և իր գործողություններով սպառնալիք է ստեղծում ողջ միջազգային անվտանգության համակարգի համար, եթե այդպիսին գոյություն ունի։ Մինչդեռ Վրաստանը լոկալ երկիր է և չի կարող գլոբալ պրոբլեմներ ստեղծել։ Այլ հարց է, որ Վրաստանի իշխանություններն անընդհատ պրոբլեմներ են ստեղծում մեր բնակչության համար։ Եվ դրան կա՛մ պետք է վերջ տրվի, կա՛մ էլ այդ իշխանությունները պետք է հեռանան, որովհետև Վրաստանի առաջ առանց այդ էլ բավականին լուրջ մարտահրավերներ են կանգնած։
-Հայաստանի փորձագիտական շրջանակներում օգոստոսյան դեպքերից հետո շատ էին կանխատեսումները, թե Վրաստանում ներքին պրոբլեմները կսրվեմ, ճգնաժամ կսկսվի, ինչը կհանգեցնի իշխանափոխության։ Դուք դա հնարավո՞ր եք համարում։
-Վրաստանի ներքին խնդիրները համաշխարհային հասարակությանն առավել տեսանելի դարձան դեռ մեկ տարի առաջ։ 2007-ի նոյեմբերի 7-ի դեպքերը մեծ արձագանք առաջացրին աշխարհում, և նրանք, ովքեր մինչ այդ աչք էին փակում Վրաստանում տեղի ունեցածի վրա ու ողջունում արևմտամետ նախագահ Սաակաշվիլու քաղաքականությունը, հանկարծ տեսան, որ ամեն ինչ այնքան էլ պայծառ չէ։ Դրան հետևեցին արտահերթ նախագահական ընտրությունները, և միայն ուղղակի ու կոպիտ կեղծիքների ճանապարհով Սաակաշվիլին խուսափեց երկրորդ փուլից։ Այսինքն՝ այն, որ երկրի ներքին իրավիճակը խնդրահարույց է, պարզ է բոլորին։ Չեմ բացառում, որ հենց այդ ներքին կացությունը և իր թույլ դիրքերն ամրապնդելու ցանկությունը Սաակաշվիլուն մղեցին Հարավային Օսիայի դեմ գործողությունների։ Նա, հավանաբար, հույս ուներ իր շուրջը համախմբել ազգն անգամ անհաջողության դեպքում, ինչը և տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից ագրեսիայի պայմաններում հանրությանը փաստի առաջ կանգնեցնելու առումով։ Այսինքն՝ իշխանության քաղաքականությունն այն է, որ այս արտաքին ծանր իրավիճակում ներքին խնդիրների սրումը մահացու վտանգ կդառնա Վրաստանի համար։ Սաակաշվիլու ծրագիրը մասամբ հաջողվեց, հատկապես վրացական քարոզչության պայմաններում, երբ ամբողջ հեռուստաեթերը գործնականում վերահսկում է իշխանությունը և փորձում հիմարացնել սեփական ժողովրդին։ Հոկտեմբերին անցկացված հարցումները ցույց տվեցին, որ ապատեղեկացված բնակչության մի զգալի զանգված՝ քաղաքացիների մեկ չորրորդը, համարում է, թե Վրաստանը հաղթել է պատերազմում։
-Եթե չեմ սխալվում՝ ոչ թե մեկ չորրորդը, այլ նույնիսկ 28 տոկոսը։
-Այո, 28 տոկոսը, ինչը նշանակում է, որ ընտրազանգվածի մի մասի տեսակետները համարժեք չեն իրավիճակին։ Բայց այս ամենը հիմա աստիճանաբար անցնում է։ Ռուսական ագրեսիան ինչ-որ չափով կասեցված է, և մեր հասարակության մեջ հասունանում է աղետի փաստի գիտակցման փուլը։ Դա Սաակաշվիլուն ոչ մի լավ բան չի խոստանում։ Ճիշտ է, այսօր հանրության մեջ գերիշխող տրամադրությունն այն է, որ հանկարծ ավելի վատ բան տեղի չունենա, բայց բողոքական ընտրազանգվածը գնալով մեծանալու է, և եթե Սաակաշվիլին կարծում է, թե նույն մեթոդներով կկարողանա կառավարել մինչև իր երկրորդ ժամկետի ավարտը, ապա սխալվում է։ Կա՛մ նա պետք է իրականացնի լուրջ ժողովրդավարական բարեփոխումներ, կա՛մ ներքին ճգնաժամն անխուսափելի է, և ես չեմ կարող կանխատեսել, թե Վրաստանն ինչպես դուրս կգա այդ ճգնաժամից։
-Ի՞նչ ուժեր են համախմբված այսօր նախագահի դեմ, և ի՞նչ ուժեր կարող են համախմբվել հետագայում։
-Ես ձեռնպահ կմնայի ընդդիմադիր լայն ձևաչափի մասին խոսելուց։ Դա առայժմ չկա, բայց զարգանում են շատ ինտենսիվ կուլիսային գործընթացներ Վրաստանի ընդդիմադիր սպեկտրում։ Առաջիկա երկու-երեք ամսում ես մեծ տեղաշարժեր չեմ սպասում, բայց գարնանն այս ամենը որոշակի արդյունքի կհանգեցնի, և նոր ընդդիմադիր քաղաքական ձևաչափը կդառնա իրողություն։ Միաժամանակ ակնհայտ է, որ Վրաստանի ներկա խորհրդարանը նույնպես ընտրովի չէ, այլ գործնականում նշանակովի է և չի արտահայտում քաղաքական ուժերի ազդեցության իրական հարաբերակցությունը։ Այն աղետից հետո, որին ենթարկվեց Վրաստանը, ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դրա և իշխանության նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտելու։ Իսկ դա այլ կերպ հնարավոր չէ, քան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումով։ Ես այս ելքն եմ տեսնում՝ ողջամիտ ժամկետներում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բնականաբար, դրանից առաջ ապահովելով մամուլի ազատությունը, դատարանների անկախությունը, ընտրական օրենսդրության բարեփոխումը։ Հետո արդեն նորընտիր խորհրդարանը կորոշի՝ անվստահություն հայտնելո՞վ նախագահին հեռացնել իշխանությունից, թե՞ սահմանափակել նրա գործողությունները սահմանադրական շրջանակների մեջ՝ գործադիր իշխանության նկատմամբ խիստ վերահսկողություն հաստատելով։ Բոլոր դեպքերում ես չէի դիմի կտրուկ գործողությունների, որովհետև Վրաստանը խորապես թուլացած է, նաև՝ հոգեբանորեն։ Բայց միաժամանակ պարզ է, որ այս վիճակում երկիրը թողնելն անթույլատրելի է։ Հուսով եմ՝ դա պարզ է նաև ընդդիմության մեր գործընկերների ու դաշնակիցների համար։
-Դուք և Ձեր եղբայրը՝ նախկին նախարար Գեորգի Խաինդրավան, հայտնի ընդդիմադիր գործիչներ եք։ Հիմա, կարծես, Նինո Բուրջանաձեն էլ է ընդդիմություն դառնում։ Հնարավո՞ր է, որ նա լինի ընդդիմության առաջնորդը Վրաստանում։
-Սկսենք նրանից, որ աննորմալ իրավիճակի ցուցանիշ է, երբ ընդդիմության մեջ են հայտնվում նախկին վարչապես Զուրաբ Նողաիդելին, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն, արտաքին գործերի, հակամարտությունների կարգավորման, պաշտպանության նախկին նախարարները։ ՈՒրեմն, ինչ-որ բան փտած է գործող իշխանության ներսում, եթե մարդիկ նրանից հեռանալով` անմիջապես դառնում են ընդդիմություն։ Բուրջանաձեն Սաակաշվիլու համախոհն էր, «վարդերի հեղափոխությունն» իրագործող եռյակի գլխավոր դեմքերից մեկը։ Մեր` Վրաստանի հանրապետական կուսակցությունն էլ 2002-ից Սաակաշվիլու հետ դաշինքի մեջ էր, միասին ենք մասնակցել տեղական և խորհրդարանական ընտրություններին։ Բայց հետո մենք դուրս եկանք կոալիցիայից այն պատճառներով, որոնց մասին նշեցի։ Շատերը մեր հեռացումը վաղաժամ համարեցին, որովհետև հետհեղափոխական էյֆորիան շատ ուժեղ էր, մարդիկ դեռ չէին հասկանում, որ իշխանությունն այլևս անտեսում է հեղափոխության իդեալները։
Ինչ մնում է Բուրջանաձեի հնարավոր ընդդիմադիր գործունեությանը, ապա, իմ կարծիքով, նրա հավակնությունները չեն համապատասխանում իրական հնարավորություններին։ Նրա կողմից նոր կուսակցության հիմնադրումը «վարդերի հեղափոխության» հնգամյակի օրը՝ նոյեմբերի 23-ին, շատերին հիասթափեցրեց, որովհետև չկարողացավ ասպարեզում ներկայացնել ծանրակշիռ թիմ։ Նրա վարկանիշն էլ ավելի բարձր չէ, քան այլ ընդդիմադիր գործիչներինը։ Հիմա ընդդիմության դաշտում գործընթացները նման են բրոունյան շարժման։ Տեսնենք, թե տիկին Բուրջանաձեն ում հետ կփորձի համագործակցել, որքանով կկարողանա սեփական հավակնությունները ստորադասել ընդհանուր շահին։ Որովհետև բազային հարցերում՝ մամուլի ազատության ապահովում, դատական համակարգի անկախություն, ընտրական ադմինիստրացիայի փոփոխություն, արտահերթ ընտրությունների անցկացում, ընդդիմությունը, անկախ գաղափարական կողմնորոշումներից, կարող է միասնական լինել։ Անշուշտ, Նինո Բուրջանաձեն որոշակի տեղ միշտ էլ կունենա Վրաստանի քաղաքական դաշտում, բայց հեռանկարը կախված կլինի իր գործողություններից։
-Ռուսաստանը Վրաստանի անմիջական հարևանն է, մեծ պետություն։ Հասկանալի է, որ Վրաստանի համար շատ դժվար է մարսել օգոստոսյան իրավիճակը և հետագա զարգացումները, բայց միաժամանակ աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել։ Ինչպե՞ս եք պատկերացնում ռուս-վրացական հարաբերությունների հետագա զարգացումը։
-Ռուսաստանը, իհարկե, դժվար հարևան է, բայց հարևաններին չեն ընտրում։ Մենք վաղուց և իրավացիորեն մեղադրում ենք Սաակաշվիլուն, որ նա հակառուսականությունը դարձրեց իր համար ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականություն։ Դա շատ տարօրինակ էր։ Անշուշտ, կային ներքին խնդիրներ, որոնց Ռուսաստանը, այսպես ասենք` առնչվում էր, բայց միաժամանակ շատ խնդիրների հետ էլ ոչ մի կապ չուներ։ Հակառուսական խաղաքարտի խաղարկումն իշխանության կողմից, նրա ինֆանտիլիզմը, անկասկած, ավելացնում էր գրգռվածությունը Ռուսաստանում։ Հնարավոր է, որ դեպի ՆԱՏՕ Վրաստանի ձգտումը նույնպես նպաստեց դրան, բայց մինչ այդ էլ Սաակաշվիլու կողմից բացարձակ անհիմն քայլեր էին արվել։ Անշուշտ, սա քաղաքական փորձառության և տրամաբանության հարց է։ Կարելի է վարել սեփական քաղաքականություն, պաշտպանել սեփական շահերը, բայց ոչ անընդհատ գոռալով, կրծքին խփելով և բռունցք թափահարելով՝ ֆիզիկապես քեզանից ավելի ուժեղ մարդու դեմ։ Ակնհայտ է, որ այսօր անհրաժեշտություն է ծագել փոխելու պաշտոնական հռետորաբանությունը, ինչը, իհարկե, շատ դժվար է։ Ռուսական զորքերը Վրաստանի տարածքում են, անգամ Ախալգորի շրջանում, որը Հարավային Օսիայի հետ որևէ գործնական առնչություն չունի։ Բայց, իհարկե, պետք է փորձել շփման եզրեր գտնել։ Ընդհանուր իդեալների վրա հարաբերություններ կառուցել չի հաջողվի, որովհետև այն, ինչ ձևավորվում է Ռուսաստանում, իմ կարծիքով, չի համապատասխանում ժողովրդավարության ժամանակակից իդեալներին։ Բայց դա մենք փոխել չենք կարող ու այդ հանգամանքը գիտակցում ենք։ ՈՒրեմն, պետք է գտնել ընդհանուր շահեր։ Ասենք, Հյուսիսային Կովկասում կայունության ապահովումը, որը և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի շահերից է բխում։ Տրանսպորտային, էներգետիկ, տրանզիտային նախագծեր կան, և ինչո՞ւ ամեն գնով փորձել դուրս դնել Ռուսաստանին տարածաշրջանից։ Կարելի էր նրա համար որոշ հնարավորություններ ստեղծել և տարածաշրջանը դարձնել ոչ թե Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք առանցքների հակադրության, այլ համագործակցության դաշտ։
-Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձը Վրաստանի վերահսկողության տակ լինելո՞ւ է ռուս-վրացական հարաբերությունների բարելավման նախապայման, թե՞ նույնիսկ ներկա կացության մեջ հնարավոր է ինչ-որ փոխադարձ քայլեր ձեռնարկել։
- Այսօր, թերևս, պետք է «հողը շոշափել»։ Ես հստակ պատկերացում չունեմ, թե ինչ են մտածում Ռուսաստանում Վրաստանի հետ հետագա հարաբերությունների մասին, որովհետև չկան համապատասխան ազդակներ։ Զգացողությունները տարբեր են։ Շատերը պնդում են, որ Ռուսաստանը շարունակելու է նույն քաղաքականությունը՝ Վրաստանին կանգնեցնելով ապաինտեգրացման վտանգի առջև։ Կան նաև կարծիքներ, որ Ռուսաստանն արդեն պատժել է Վրաստանին։ Հենց Վրաստանին, ոչ թե Սաակաշվիլուն, որովհետև այդպես է ստացվում։ Երբ տնտեսական պատժամիջոցներ էին կիրառում Սադամ Հուսեյնի նկատմամբ, տուժում էր Իրաքի ժողովուրդը։ Կարծում եմ՝ անհրաժեշտ են շփումներ, բայց ո՛չ ցուցադրական՝ փորձագետների կամ հետազոտողների մակարդակով, ովքեր տեղյակ են, թե ինչ տրամադրություններ կան Կրեմլում։ Թեպետ ինձ համար սարսափելի է նայել Վրաստանի փաստացի քարտեզին։ Հարավային Օսիան, ուր տեղակայված է ռուսական նույնիսկ երկու բազա՝ Ցխինվալում և Ջավայում, նման է սրտին մոտ գտնվող դաշույնի։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ինչ-որ հարբած ռուս սերժանտ կարող է հրանոթից կրակել և շարքից հանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ Ցանկացած պահի ինչ-որ գործողությամբ արևմտյան Վրաստանը կարող է անջատվել երկրի արևմտյան մասից։ Այս իրավիճակի հետ համակերպվել հնարավոր չէ։ Մյուս կողմից էլ, օսերի քանակը բավարար չէ նույնիսկ Ախալգորի շրջանը բնակեցնելու համար։ Այնտեղ մեծամասնությունը միշտ էլ վրացիներ են եղել, միայն մի քանի օսական ու խառը բնակչությամբ գյուղեր կային, ուր հաշտ ու խաղաղ ապրում էին օսերն ու վրացիները։ Հիմա ժողովուրդների մի նոր մեծ գաղթ չպետք է սկսվի, ինչպես ստալինյան ժամանակաշրջանում, և Հյուսիսային Կովկասի օսերին չպետք է տեղափոխեն ու բնակեցնեն Ախալգորիում։ Դա, հուսով եմ, չի լինի, մանավանդ որ եվրոպացիները նույնպես անհանգստություն են դրսևորում։ Հետևապես Ախալգորի շրջանի վերադարձը Թբիլիսիի իրավասության ներքո կարող էր դառնալ Ռուսաստանի կողմից ազդակ, որ Մոսկվան պատրաստ է Վրաստանի հետ լրջորեն խոսելու երկկողմ հարաբերությունների մասին։ Ռուսաստանի համառության դեպքում Սաակաշվիլին էլ շարունակելու է իր անմիտ քաղաքականությունը, բայց ընդդիմությունը նրան հակազդելու բան չի ունենա։ Ընդդիմությունը պետք է հիմք ունենա հանրությանն ասելու, որ Ռուսաստանի հետ շփումները հնարավոր են։
-Վրաց բնակչությունը Աբխազիայի Գալիի շրջանում ի՞նչ կացության մեջ է հիմա։
-Աբխազիան բոլորովին այլ պատմություն է, քան Հարավային Օսիան, և միշտ էլ տարբեր է եղել։ Աբխազիայի առումով մտահոգությունն այն է, որ այդ տարածաշրջանը կուլ կգնա Ռուսաստանին ամբողջությամբ։ Ի՞նչ կարող են դրան հակադրել աբխազները, դժվարանում եմ ասել, որովհետև, իմ կարծիքով, ռուսական քաղաքականությունն այդ ուղղությամբ, ընդհակառակը, թափ է հավաքելու։ Գալիի շրջանի վրաց բնակչության հետ կապված տեղյակ եմ, որ ռուսներն են փորձում այնտեղ վերահսկողություն, կարգ ու կանոն հաստատել։ Սա, թերևս, քարոզչական նպատակ հետապնդող քայլ է, որպեսզի բոլորին ցույց տան, թե վրացիների շահերն այստեղ ավելի լավ են պաշտպանված, քան նախկինում։ Բայց չեմ կարծում, թե որևէ մեկը դա լուրջ կընդունի։
-Օգոստոսյան դեպքերից հետո Ռուսաստանում առանձին քաղաքական գործիչներ դժգոհություն էին հայտնում, որ Հայաստանը, իբրև ԱՊՀ ՀԱՊԿ անդամ պետություն, չմիջամտեց ռուս-վրացական կոնֆլիկտին։ Վրաստանում ինչպե՞ս գնահատեցին Հայաստանի կեցվածքն ու քաղաքականությունը։
-Անկեղծորեն, չեմ կարող պնդել, թե այդ պահին դա շատ ազդեցիկ գործոն էր, որովհետև հանրային և քաղաքական դաշտի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի ուղղությամբ։ Սակայն Հայաստանի դիրքորոշման հետ կապված որևէ բացասական գնահատական Վրաստանում չեմ լսել այն մարդկանցից, ովքեր ուշադիր հետևում էին գործընթացներին։ Հայաստանի դիրքորոշումը գնահատվել է իբրև ողջամիտ, ես կասեի՝ իմաստուն կեցվածք, և սա հաճոյախոսություն չէ։ Նույնքան ցավագին ընդունվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցն ու այն ամենը, ինչ ասվել էր այդ հարցազրույցում օգոստոսյան իրադարձությունների առնչությամբ։ Իմ մեջ, գոնե, այդ ամենը լուրջ տարակուսանքի տեղիք տվեց։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3447

Մեկնաբանություններ